Բրիտանացի երգիչ Ռոբբի Ուիլյամսը եւ նրա կինը` դերասանուհի Աիդա Ֆիլդը ծնող են դարձել, նրանք դուստր են ունեցել:

Ուիլյամսը դստերը Թեոդորա Ռոզա է անվանել: Ավելի վաղ երգիչը հայտնել էր, որ ցանկանում է իր դստերը սովորական, «ավանդական» անուն տալ, քանի որ չի ցանկանում հետեւել այլ նշանավորների օրինակին, ովքեր իրենց երեխաներին կնքում են հատուկ հորինված անուններով:

Թեոդորա Ռոզա Ուիլյամսը լույս աշխարհ է եկել Լոնդոնում: Նրա ծննդի նախօրեին Ռոբբի Ուիլյամսը շրջագայությունների էր մեկնել Մեծ Բրիտանիայի տարածքում, սակայն անընդհատ պատրաստ է պահել անձնական ինքնաթիռը, որպեսզի ծննդաբերության ժամանակ լինի կնոջ կողքին, հաղորդում է «ԱեւՖ»-ն:

Չնայած, որ Ուիլյամսն ու Աիդան հիմնականում բնակվում են Բեվերլի Հիլզում` Լոս Անջելեսի մերձակայքում, երգիչը հայտնել է, որ ցանկանում է իր դստերը մեծացնել իր հայրենիքում` մաքուր անգլիական ոգով: Ուիլյամսին չի գոհացնում ամերիկյան դպրոցների կրթական որակը: Այժմ Ուիլյամսը եւ Աիդա Ֆիլդը քննարկում են, թե Լոնդոնի որ թաղամասում են նրանք պատրաստվում տեղավորվել: