Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարի հրավերով, սեպտեմբերի 19-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել են Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷս) անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ եւ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջաններին:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված է նաեւ հանդիպումներ փորձագետների հետ, որի նպատակն է ԵվրԱզԷս անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի եւ ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջանի փաստաթղթերի նախապատրաստումը:
Մինսկում նախարար Հրայր Թովմասյանն ու նրա տեղակալ Արամ Օրբելյանը ծանոթանալու են նաեւ Բելառուսի արդարադատության հաստատությունների գործունեությանը: Նախանշված է նաեւ «Հայաստանի եւ Բելառուսի արդարադատության նախարարությունների միջեւ դատական փորձաքննությունների բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրի ստորագրում:




























