Վրաստանի պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն հրաժարական է տվել: Պատճառը Գլդանի բանտում բանտարկյալներին տանջելու հետ կապված սկանդալն է: Նախօրեին տեսագրություններ էին հրապարակվել, որոնցում բանտարկյալներին ծեծում եւ բռնաբարում էին:
«Ինձ համար վրդովեցուցիչ է այն, ինչը կատարվել է թիվ 8 քրեակատարողական հաստատությունում», - ասել է Կալմախելիձեն: «Իմ կառավարման տարիներին ձգտել եմ, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանված լինեն, բայց, երեւում է, այդ ջանքերը բավարար չէին», - հավելել է նա, գրում է «Գռուզիա Օնլայնը»:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Վրաստանի ՆԳՆ-ն սեպտեմբերի 18-ին հայտնել էր, որ բանտում բացահայտվել են բանտարկյալների հետ անմարդկային վերաբերմունքի փաստեր, ձերբակալվել են բանտի երեք աշխատակիցներ, մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Երեկոյան «Մաեստրո» եւ «Իններորդ ալիք» հեռուստաընկերությունները եթերում դաժան ծեծի եւ առանձնակի այլասերված ձեւի բռնաբարության ցնցող կադրեր են ցուցադրել` հայտարարելով, որ Գլդանի գաղութում տեղի ունեցածի ողջ տեսագրությունն ունեն: Այն նրանց փոխանցել է բանտի` Բելգիայում գտնվող նախկին աշխատակիցը: «ՏՎ-9»-ի հետ հարցազրույցում նա ասել էր, որ բանտարկյալներին տանջելը կատարվում էր Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայի հրամանով եւ այդ մասին գիտեր պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն:
Վրաստանի օմբուդսմենը կոչ է արել պատասխանատվության ենթարկել վերոնշյալ նախարարներին:
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ գործում խառն է Թամազ Թամազաշվիլին` Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցներից: Բիձինա Իվանիշվիլին դա սադրանք է անվանել եւ նշել, որ Թամազաշվիլին չէր կարող մասնակից լինել:
Խորհրդարանի խոսնակ Դավիթ Բակրաձեն խոստացել է պատժել բոլոր մեղավորներին:
Միխայիլ Սահակաշվիլին կատարվածի կապակցությամբ հայտարարություն է տարածել`ասելով. «Այն, ինչ կատարվել է Գլդանի բանտում, վրդովեցուցիչ է` ուղղված մարդու արժանիքների եւ իրավունքների դեմ: Դա կազմակերպողները, կատարողները եւ թույլ տվողները արժանի են ամենախիստ պատժին, եւ նրանք բոլորը կկրեն այդ պատիժը», – մեջբերել է «Ինտերֆաքսը»:
Թբիլիսիում, ինչպես եւ մի քանի այլ քաղաքներում (Քութաիսի, Բաթում, Փոթի, Զուգդիդի) բողոքի ակցիաներ են տեղի ունենում:





























