ԱՊՀ երկրների Նավթի ու գազի հարցերով միջկառավարական խորհուրդը կլուծարվի: Լուծարման արձանագրությանը հավանություն  տալու որոշումն արդեն ընդգրկվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի օրակարգում:

Նշենք, որ Նավթի ու գազի միջկառավարական խորհուրդը ստեղծվել է 1993 թ.: Այդ կազմակերպության խնդիրներն էին. 10-15 տարվա կտրվածքով որոշել անդամ երկրների նավթի ու գազի նկատմամբ պահանջները, նախապատրաստել երկկողմ եւ բազմակողմ պայմանագրեր՝ նավթի ու գազի մատակարարման շուրջ, համաձայնեցված քաղաքականություն վարել նավթի ու գազի տարանցիկ փոխադրումների մասով եւ այլն:

Կազմակերպությանը միացել են 11 պետություններ, Հայաստանը անդամակցել է 1995 թ.: 2003 թ. Հայաստանն իր մասնակցությունը սահմանափակել է «սահմանափակ անդամություն` հետաքրքրող ծրագրերին մասնակցությամբ» ձեւաչափով: Սակայն 2003 թ. հետո կազմակերպությունը փաստացի նիստեր չի գումարել, Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանն ու Մոլդովան այլեւս անհրաժեշտ չեն համարել աշխատանքների վերականգնումը նախկին ձեւաչափով:

Արդյունքում՝ 2012 թ. մարտի 30-ին ԱՊՀ Տնտեսական խորհրդի տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց լուծարել ԱՊՀ Նավթի ու գազի միջկառավարական խորհուրդը: