Հայաստանի կառավարությունը մերժողական եզրակացություն է պատրաստել ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է բարձրացնել հանքեր շահագործողներից գանձվող լրացուցիչ հարկը՝ ռոյալթին: ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացմամբ՝ կառավարության սույն եզրակացությունը կհաստատվի կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի ընթացքում:

Ռոյալթին վճար է, որ հանքարդյունաբերողները վճարում են հանքային պաշարների սեփականատիրոջը (ընդերքի հարստությունները պետությանն են)՝ այդ պաշարների օգտագործման իրավունքի համար:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքի փոփոխություններով՝ հանքարդյունաբերական ընկերությունների համար սահմանվել է ռոյալթիի հաշվարկման նոր կարգ, ինչի հետեւանքով 2012 թ. առաջին կիսամյակում լրացուցիչ պետական բյուջե է մուտք եղել 4 մլրդ դրամ: Ըստ Հ. Բագրատյանի ներկայացրած հիմնավորման՝ սա շատ քիչ է, եւ վկայում է այն մասին, որ ռոյալթիի դրքույքաչափը ցածր է եւ հարկման էական փոփոխությունների չի հանգեցրել: Հ. Բագրատյանը մեջբերել է նաեւ The Economist ամսագրի 2007 թ. հրապարակած տվյալները տարբեր երկրներում ռոյալթիների դրույքաչափերի մասին, ըստ որի՝ ռոյալթին Ինդոնեզիայում 82% է, Ռուսաստանում՝ 78%, ԱՄՆ-ում (Ալյասկա)՝ 60% եւ այլն:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կազմած տեղեկանքի՝ ՀՀ-ում ռոյալթին հաշվարկվում է շահութաբերության նորմայից ելնելով, ու ներկայում կազմում է. 10% շահութաբերության դեպքում 5,25%, 20% շահութաբերության դեպքում՝ 6,5%, 25 % շահութաբերության դեպքում` 7,1 %, 30 % շահութաբերության դեպքում` 7,75 %, իսկ 40 % շահութաբերության դեպքում` 9 %: Ֆինանսների նախարարության ներկայացրած տեղեկանքով՝ Հ. Բագրատյանի առաջարկներն ընդունելու դեպքում ռոյալթին առավելագույնը կբարձրանա մինչեւ 24%:

Բացի այդ, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության, ռոյալթիների չափերը տարբեր երկրներում մետաղական հանածոների համար իրականում տատանվում են 1-12%-ի շրջանակներում:

ՀՀ ֆինանսների նախարաարությունն առաջարկում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձեւին կրկին անդրադառնալ 2013 թ., երբ հանքարդյունաբերական ընկերությունները վերջնականապես կներկայացնեն 2012 թ. համար հաշվարկված ռոյալթիները: