Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նինինգ Ռոչադիաթին, ով ավարտում է իր  դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները որոշակի զարգացում են ապրել եւ այդ ուղղությամբ արձանագրվել են դրական տեղաշարժեր: Մենք կարեւորում ենք Ինդոնեզիայի հետ երկկողմ հարաբերությունների ակտիվացումը ու այդ ուղղությամբ պատրաստ ենք ներդնել լրացուցիչ ջանքեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նինինգ Ռոչադիաթին շնորհակալություն է հայտնել վարչապետին իր գործունեության ընթացքում ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված համակողմանի աջակցության համար եւ Տիգրան Սարգսյանին հրավիրել Ինդոնեզիա: Երկկողմ կապերի խորացման եւ ամրապնդման, տնտեսական ծրագրերի իրականացման գործում զրուցակիցները կարեւորել են Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանատան բացումը, ինչպես նաեւ երկկողմ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ստեղծումը:

Զրուցակցիներն անդրադարձել են նաեւ հայ-ինդոնեզական կապերի զարգացմանը՝ մշակույթի, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:    

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար եւ մաղթել նրան հաջողություններ: