Սեպտեմբերի 19-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԳՆԱՆ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա):
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:




























