2013 թ. հունվարի 1-ից միասնական եկամտային հարկի ներդրումը հավելյալ հարկային ծանրաբեռնվածություն կստեղծի աշխատողների համար: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով` աշխատողների հարկային ծանրաբեռնվածությունը չբարձրացնելու համար գործատուն պետք է ավելացնի աշխատավարձը (օրինակ` ամսական 120 հազ. դեպքում` 19 հազ. դրամով), սակայն բոլոր գործատուները չէ, որ պարտաճանաչ կլինեն: Ավելին` առկա է վտանգ, որ գործատուները կձգտեն ձերբազատվել հին աշխատողներից` նորերի հետ ավելի վատ պայմաններով պայմանագիր կնքելու համար: Ըստ Վ. Սաֆարյանի` աշխատանքային օրենսդրությունը բազմաթիվ սողանցքներ է պարունակում մարդկանց աշխատանքից ազատելու: «Մեր կառավարությունը նորամուծություն է դրսեւորել` շեղվելով Արեւմտյան Եվրոպայի գործելաոճից, քանի որ այնտեղ տարբեր են հարկատեսակները` եւ եկամտահարկ կա, եւ սոցիալական ապահովության հարկ»,- ասաց Վ. Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու միասնական եկամտային հարկը, որը փոխարինելու է ներկայիս գործող եկամտահարկին ու սոցիալական ապահովության վճարներին: