Հայաստանի տնտեսությանը ոչ թե վարկեր են պետք, այլ` ներդրումներ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսօր` սեպտեմբերի 19-ին, նման կարծիք է հայտնել Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
«Ներդրումները վարկերից օգտակար կլինեին եւ ԱԷԿ-ի, եւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման գործում: Ներդրողի դերում կարող էր հանդես գալ Չինաստանը, որը հետաքրքրված է մեր տարածաշրջանի ենթակառույցներում ներդրումներ կատարելու հարցում», – ասել է Սաֆարյանը: Միաժամանակ, հավելել է նա, Հայաստանի համար շատ կարեւոր կարող էր լինել «Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատանքի վերսկսման վարկավորումը 400 մլն դոլարով: Նշենք, որ վարկային հայցը արդեն 2 տարի քննարկվում է Զարգացման եվրասիական բանկում: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, դրա գաղափարը ծագել է 5 տարի առաջ: Շինարարության մրցույթն առայժմ չի սկսվել, ներկայումս Հայաստանի տրանսպորտի նախարարությունը բանակցություններ է վարում ներդրողներիի հետ: Վարկային առաջարկի չափը դեռ չի նշվում:
Անորոշ վիճակում է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը. ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնել արժեքի 20 – 25%-ը:
Սաֆարյանի ակնկալիքով, այս տարի Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը կաճի մոտ 6% -ով` 992 մլրդ-ից մինչեւ 1,05-1,06 տրլն դրամ:
«Հարկ է նշել, որ արդյունաբերության նկատմամբ ուշադրությունը ապրանքարտադրողների աշխատանքի արդյունքն է, քանի որ նախորդ տարիներին ԱՄՀ-ն եւ Համաշխարհային բանկը Հայաստանի նման երկրներում խորհուրդ չէին տալիս զարգացնել արդյունաբերությունը:
Բայց այժմ այն մեր տնտեսությունում առաջատար դիրքեր է զբաղեցնում:





























