Մեկ կգ շաքարի Ճակնդեղի դիմաց ֆերմերները պետք է ստանան ամենաքիչը 100 դրամ: Այսօր` սեպտեմբերի 19-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա կարծիքով շաքարի ճակնդեղի աշխատատարությունը անշահավետ է դարձնում նրա աճեցումը ներկայիս մեկ կգ-ի դիմաց 30-40 դրամի պայմաններում, որը ֆերմերներին առաջարկում է Ախուրյանի շաքարի գործարանը (Հիշեցնենք, որ այն պատկանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին):
«Հայաստանում շաքարի կայուն գները, որը աշխարհում գնալով նվազում է, բացատրվում է շաքարի բիզնեսի մենաշնորհային վիճակով: Ինչ վերաբերում է տեղական արտադրանքին, ապա շաքարի ճակնդեղը պետք է սուբսիդավորվի պետության հետ, կամ էլ խրախուսվի այլ միջոցով, բայց մեկ կգ-ի դիմաց գոնե 100 դրամի տարբերակով: Համեմատության համար ասենք, որ նրա աճեցումը առավել աշխատատար է, քան կարտոֆիլը, մինչդեռ կարտոֆիլը վաճառվում է 150 դրամով»,-ավելացրել է Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Ախուրյանի շաքարի գործարանը գործում է 2010 թ-ից: Գործարանը աշխատում է դադարներով ` արտասահմանյան հումքի վրա:




























