2012-2017 թվականների ընթացքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կառավարություն ներկայացրած տեղեկանքում` ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկությունների հետ կապված:
Հ. Բագրատյանը օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկել է նվազագույն աշխատավարձը ներկայիս 32.5 հազ. դրամի փոխարեն սահմանել 72.5 հազ. դրամ: Պատգամավորի կարծիքով` դա թույլ կտա նվազագույն եւ միջին աշխատավարձերի միջեւ տարբերությունը 4 անգամից կրճատել մինչեւ 1.8 անգամ, կնպաստի ստվերային տնտեսության կրճատմանը, միաժամանակ հավելյալ բյուջետային ծախսեր չի առաջացնի:
ՀՀ ֆինանսների նախարարության պատասխան եզրակացությունում նշվել է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջարկությունը համահունչ է կառավարության սոցիալ տնտեսական քաղաքականությանը, սակայն պետք է համապատասխանի բյուջետային հնարավորություններին: Բացի այդ` Հ. Բագրատյանի առաջարկած չափով ավելացումը կառաջացնի լրացուցիչ բյուջետային ծախս` 360 մլրդ դրամի չափով, քանի որ կառավարությունը ստիպված կլինի ավելացնել բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձը:
ՀՀ կառավարության եզրակացությանը հավանություն տալու հարցը ներառված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի օրակարգում:




























