Ֆրանսիական Վալանս քաղաքում մոտ 150 ցուցարարներ սեպտեմբերի 18-ին հավաքվել են Վալանսի քաղաքապետարանի մոտ, որպեսզի քննարկեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Փարիզ կատարվելիք այցը: Այս մասին հայտնում է «Nouvelles d`Arménie»-ին:
Մի քանի պաշտոնյաների ներկայությամբ ցույցի կազմակերպիչները իրենց խոսքում քննադատել են Իլհամ Ալիեւի այցը, այն դեպքում, երբ Սաֆարովի գործը դեռ շարունակում է մոլեգնել եվրոպական դիվանագիտության մեջ:
ԱՎելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ առավել զանգվածային ցույց է տեղի ունեցել սեպտեմբերի 18-ին Փարիզում` Ադրբեջանի դեսպանատան առջեւ, որն ուղղված էր Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ:
Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:
Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:































