Հայաստանում սեպտեմբերի 15-ից 19-ը կայացած զորավարժություններում ռազմական գործողությունների հատուկ սցենար էր մշակվել: Համաձայն սցենարի` իրավիճակը կտրուկ սրվել էր պայմանական Սեւանիա պետությունում, հատկապես` Դալարիկի շրջանում: Օգտագործելով ստեղծված իրավիճակը`զինված անկանոն, ավազակային եւ ահաբեկչական խմբավորումները ծրագրում են քաղաքացիական անհնազանդությունից անցնել ակտիվ գործողությունների`զենքի կիրառմամբ եւ ահաբեկչական գործողություններով (ֆոտոռեպորտաժ):

Ծայրահեղական, ահաբեկչական եւ ավազակային խմբավորումները կարող են ահաբեկչական մի շարք գործողություններ իրականացնել, զանգվածային անկարգություններ կազմակերպել, գրավել պետական կարեւորություն ներկայացնող օբյեկտներ, տապալել տեղի իշխանություններին եւ հետագայում ստանձնել ինքնավար պետության կառավարումը:

Պայմանական Զանգերիա պետությունը, ռազմավարական զորավարժանքներ անցկացնելու պատրվակով, ծավալում է միացյալ  «Սիսիան» զորամիավորումների գործունեությունը Սեւանիայի հետ սահմանակից շրջաններում` ուժ կիրառելու պատրաստակամությունն ի ցույց դնելու նպատակով:

Պայմանական Բուռնաստան պետությունը, օգտագործելով իրավիճակը եւ Զանգերիայի հետ սահմանին Սեւանիայի զինված ուժերի մեծ մասի կենտրանացումը, զինված սադրանքներ է իրականացնում սահմանամերձ շրջաններում, որոնց ընթացքում առանձին ստորաբաժանումների ուժերով փորձեր են ձեռնարկվում ներխուժել «վիճելի» տարածք, որպեսզի Սեւանիային դրդեն դիմել պատասխան կոշտ միջոցների:

ԱԱՀՈՒ-ի պատասխանատվության գոտում կարող են գործել զինված անկանոն խմբավորումներ, ծայրահեղական եւ ահաբեկչական մարտաջոկատներ` մինչեւ 700 մարդուց բաղկացած:

Հակառակորդի գործողությունների հնարավոր բնույթը կարող է լինել.

Դալարիկի շրջանում գործող մարտաջոկատներն ուժեղացնելու համար  Բուռնաստանի տարածքից ռազմական փոքր խմբավորումները կարող են պետական սահմանը հատելու միջոցով անցնել Դալարիկի բնակավայրեր:

Հարձակվելով Կարմիրլյուկի, Արեւիկի ուղղությամբ` հակառակորդը կձգտի միավորվել Արեւիկ գյուղում հաստատված գրոհայինների ջոկատին` բնակավայրերը մարդկանցից եւ կենտրոնական իշխանությանը հավատարիմ ուժերից մաքրելու համար, վերահսկողություն հաստատել շրջակա բնակավայրերի նկատմամբ: Հնարավոր է նաեւ Արեւիկ բնակավայրից գրոհայինների ջոկատի պատասխան հարված:

Ահաբեկչական մի շարք խոշոր գործողություններին, զանգվածային անկարգություններին կարող է հետեւել պետական կարեւորության օբյեկտների գրավումը, մասնավորապես` Մեծամորի ԱԷԿ-ի:

ԱԷԿ-ի գրավումը կարող է Սեւանիայի պետությանը շանտաժի միջոց դառնալ`Դալարիկի մարզն առանձնացնելու նպատակով, կարող է նաեւ Բուռնաստանի եւ Զանգերիայի համար զորքերը Սեւանիայի տարածք մտցնելու պատճառ հանդիսանալ:

Նախապատրասման եւ ռազմական գործաղությունների անցկացման ընթացքում պետական սահմանի երկայնքով  հնարավոր են  հետախուզական ինքնաթիռների, նաեւ` ԱԱՀՈՒ-ի պատասխանատվության գոտում եւ ԱԷԿ-ի շրջանում անօդաչու թռչող սարքերի թռիչքներ:

Անմիջապես ԱԱՀՈՒ-ի պատասխանատվության գոտում հնարավոր են ընդհանուրը 700 մարդուց բաղկացած խմբավորումների գործաղություններ, որոնց սպառազինման մեջ կարող են լինել. պիկապներ` հագեցած շարժական ականանետներով, հակատանկային ականանետներով եւ խոշոր կալիբրի գնդացիրներով:

Համաձայն սցենարի` որոշվել է համատեղ գործողության հիմնական ջանքերն ուղղորդել Ներքին Բազմաբերդ-Արեւիկ ուղղությամբ`զինված հակամարտությունները, զանգվածային անկարգությունները, ահաբեկչական գործողությունները կանխելու, զինված խմբավորումներին ժամանակին հայտնաբերելու, շրջափակելու եւ ոչնչացնելու առաջադրանքով:

Զինված խմբավորումների կողմից պետական սահմանն անցնելու սպառնալիքի դեպքում պատրաստ լինել փակել պետական սահմանները:

Հակառակորդի խոշոր գումարտակների առաջխաղացման դեպքում ոչնչացնել Սու-25-ի օղակի հարվածով, երեք գումարտակների կրակով: Դեպի Ներքին Բազմաբերդ եւ Արեւիկ

 հակառակորդի շարժման դեպքում զինված անկանոն խմբավորումների գրոհը հետ մղել եւ թույլ չտալ միավորվել Դալարիկի շրջանում գործող ավազակային եւ ահաբեկչական հանցախմբերին:

Առանձին օբյեկտներ գրավելու դեպքում մարտավարական դեսանտներ իջեցնել եւ խմբավորումներին շրջափակել Արեւիկ գյուղում:

Հակառակորդի գրոհը հետ մղելուց հետո պաշտպանական զորքերի ուժերով գրոհել Արեւիկի ուղղությամբ` հակառակորդի  զինված անկանոն խմբավորումներին ոչնչացնելու եւ իրավիճակը վերականգնելու առաջադրանքով: Հարձակվող զորքերի գործողություններին աջակցել օդային հարվածներով եւ հրետանային կրակով:

Շրջափակված տարածքում բեկում նկատելու եւ դեպի պետական սահման հակառակորդի շարժման դեպքում հակառակորդին ոչնչացնել մարտավարական դեսանտի իջեցմամբ:

Հակառակորդի կողմից անօդաչու թռչող սարքեր կիրառելու դեպքում պատրաստ լինել ՀՕՊ միջոցներով ոչնչացման:

 Արեւիկ բնակավայրում շրջափակված ահաբեկչական խմբավորումների ոչնչացումը, պատանդների ազատումն իրագործել անվտանգության ուժերի եւ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով:

Օբյեկտների եւ շենքերի փլուզման հետեւանքների վերացումը, ավերակների տակից տուժածների դուրսբերումը, հրդեհների մարումը եւ բնակելի շենքերից մարդկանց տարհանումն իրագործել ԱԻՆ-ի ստորաբաժանումների ուժերով:

Անհրաժեշտության դեպքում տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերել ԿԽՄԿ-ի ուժերով:

Հակառակորդի կրակային ոչնչացումը ծրագրել ելնելով զորքերի առաջադրանքների շահերից եւ հակառակորդի գործողությունների հավանական ուղղություններից` հետեւյալ նպատակներով.

հակառակորդին զինաթափման հարկադրում,

զորքերի պաշտպանական եւ հարձակողական գործողությունների նախապատրաստում եւ աջակցում,

հենակետային դիրքերի, պահակետերի, կարեւոր օբյեկտների կրակային եզրագծում,

հակառակորդի գրաված շրջանների կրակային շրջափակում եւ սանրում,

Հակառակորդի ոչնչացումն իրագործել.

խմբավորումների առաջխաղացումը կասեցնել Սու-25-ի օղակի հարվածով, հրետանով հարվածելով պետական սահմանը խախտած ավազակախմբերին,

Հակառակորդի գրոհը հետ մղել եւ պարտության մատնել Մի-24-ի եւ այլ միջոցների կրակով,

Օդային դեսանտին աջակցել մարտական ուղղաթիռների կրակով, հրետանու կրակով ապահովել թռիչքը եւ վայրէջքը, խոցել ՀՕՊ միջոցները եւ հակառակորդի նոր հայտնաբերված կրակակետերը.

Հակառակորդին հետապնդելիս հրետանու կրակով կտրել զինված անկանոն խմբավորումների նահանջի ճանապարհը, պետական սահմանն անցնելու հնարավորությունը եւ հակառակորդին ոչնչացնել հետեւյալ փուլերով.

զորքերի գործողությունների կրակային նախապատրաստում,

զորքերի գործողությունների կրակային աջակցում,

Հակառակորդին մոլորեցնելու նպատակով նախատեսել.

- գումարտակի դիրքերի կեղծում,

-դասակի կեղծ հենակետի տեղադրում,

- ցուցադրական գործողություններ,

ԱԱՀՈՒ խմբավորումում ներառել.

-բանակային շարժուն թիվ 1 խումբ

-բանակային շարժուն թիվ 2 խումբ

- օդային շարժունակ պահեստային ուժ,

- ընդհանուր բանակային պահեստային ուժ,

- հրետանային ստորաբաժանումներ,

- օդուժի խառը խումբ,

-անվտանգության ծառայության խումբ

- Ոստիկանության միացյալ խումբ: