Չինական կողմը սկսել է որոնել Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանի մեքենայի վրա հարձակվողներին: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ սեպտեմբերի 19-ին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն, Պեկինում Ճապոնիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած  ցույցի  մի քանի տասնյակ մասնակիցներ երկուշաբթի օրը շրջապատել են ԱՄՆ-ի դեսպանի մեքենան եւ աննշան վնասներ են հասցրել: Դեսպանը չի տուժել: Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը ճապոնական դեսպանատնից ոչ մեծ հեռավորության վրա է գտնվում:

Հիշեցնենք, որ զանգվածային հակաճապոնական ցույցերը Չինաստանում սկսվել են սեպտեմբերի 11-ին ճապոնական իշխանությունների կողմից` մասնավոր սեփականատիրոջից Դյաոյուիդաո կղզիախմբի 5 կղզիներից 3-ը գնումից հետո: Չինաստանի իշխանությունները Տոկիոյից պահանջել են չեղյալ հայտարարել վիճելի կղզիների գնման որոշումը: