Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին շնորհավորական հեռագիր է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հեռագրում ասված է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի Հանրապետության ողջ ժողովրդին պետական անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինքնիշխան Հարավային Օսիայի կազմավորումը, նրա ազատության եւ անկախության հերոսական պաշտպանությունը Օսեթիայի ժողովրդի հնագույն պատմության ամենավառ էջերից մեկն է, նրա անկոտրում ոգու, հայրենասիրության եւ անձնազոհության ցայտուն դրսեւորումը:

Անկախության տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունը հասել է նշանակալի նվաճումների պետականաշինության, տնտեսության զարգացման, բնակչության կենամակարդակի բարձրացման գործում: Համոզված եմ՝ Հարավային Օսիան կունենա պայծառ ու հուսալի ապագա:

Վստահ եմ, որ մեր երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը ոչ միայն կպահպանի առկա դինամիկան, այլեւ կհասնի որակապես նոր մակարդակի:

Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ ողջ հարավ-օսեթական ժողովրդին այս կարեւորագույն տոնի առթիվ:

Խաղաղություն եւ բարգավաճում Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին»: