«Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 27-ին կկայանա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի համերգը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
Տոմսերը արժեն 3000-25 հազար դրամ, բայց գրեթե ոչ մի տոմս չի մնացել:
«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի` Կիսինին Երեւան հրավիրելու բանակցությունները տեւել են շուրջ 8 տարի: «Նա աշխարհի ամենազբաղված, պահանջված դաշնակահարն է, եւ իրենց մոտ եվրոպական ամենամեծ դահլիճներն ու նվագախմբերն են տրամադրում, եւ որպեսզի Հայաստանը այդ ցանկի մեջ մտնի, պետք է տարիների բանակցություններ եւ փառատոնը այդքան մեծանար, որպեսզի ուշադրություն դարձնեն: Կիսինը Հայաստանը, հայերին սիրում է, բայց այստեղ գալու եւ նվագելու համար պետք է լուրջ պատճառ լինի: Մինչեւ 2015թ իր բոլոր համերգները դրված են իր կայքում, եթե մեկը իրեն հրավիրի, պետք է խոսի 2016-2017թթ համար»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը: Շատ դժվար է ասել, թե հետագայում Կիսինին Հայաստանում երբ հանդես կգա համերգով, «երեւի մի տասը տարի հետո»:





























