Սեպտեմբերի 17-ին, Վիեննայում սկսվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 56-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցում են ԱԷՄԳ անդամ պետությունների պատվիրակությունները: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վիեննայում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ղեկավարությամբ: ԱԷՄԳ համաժողովը կազմակերպվում է տարեկան մեկ անգամ, որի ընթացքում քննարկվում են գործակալության ծրագրերը, բյուջեն, ինչպես նաեւ տնօրենի, տնօրենների խորհրդի եւ անդամ պետությունների կողմից բարձրացված այլ հարցեր:
ԱԷՄԳ համաժողովի 56-րդ նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն եւ ներկայացրել ԱԷՄԳ-ի տարեկան զեկույցը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 56-րդ համաժողովին ելույթ է ունեցել նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Իր ելույթում նախարարն առանձնացրել է մի շարք կարեւորագույն խնդիրներ: Արմեն Մովսիսյանը խոսել է ատոմային էներգիայի խաղաղ նպատակով օգտագործման, ինչպես նաեւ աշխարհում գործող ատոմակայանների անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրների մասին: Նախարարը կարեւորել է ատոմային էներգետիկայի ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցությունը, եւ հատկապես այդ ոլորտում` գործունեության թափանցիկությունը:
Իր ելույթում Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը խոսել է նաեւ Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների, նոր էներգաբլոկի կառուցման խնդիրների շուրջ: Նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակում է ատոմակայանի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն ու շահագործման ժամկետի երկարացմանն ուղղված միջոցառումները:





























