Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին սեպտեմբերի 18-ին «Վազ 2106» մակնիշի եւ BMW մակնիշի ավտոմեքենաների բախման հետեւանքով տուժած 9 քաղաքացիները բազմաթիվ կոտրվածքներ են ստացել, հիմնականում`ոսկրերի, իսկ առավել ծանր վիճակում գտնվող` ներքին օրգանների  արյունահոսություն, ուղեղի ցնցումեւ այլն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վաղարշապատի հիվանդանոցի» տնօրեն Վաչագան Մկրտչյանը:

Տնօրենը տեղեկացրեց, որ վթարի հետեւանքով 9 ուղեւորներից 4 տեղափոխվել է Երեւանի տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից երկուսը `4-ամյա Միլենա Գարեգինյանը, 2-ամյա Սամվել Մաթեւոսյանը, տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Նրա խոսքով` մյուս 5 ուղեւորներից երկուսը ամբուլատոր օգնություն են ստացել եւ դուրս գրվել հիվանդանոցից, իսկ երեքը գտնվում են «Վաղարշապատի հիվանդանոցում: Ուղեւորներից մեկը` 28-ամյա Էդգար Գարեգինյանը, ծայրահեղ ծանր, մահամերձ վիճակում է, գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, նույնիսկ չեն կարողացել տեղափոխել Երեւան: Նա բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, այդ թվում` ներքին օրգանների արյունահոսություն, ուղեղի ցնցում, «փայծաղը, լյարդը, հաստ աղիքը ջնջխված է»: Վաչագան Մկրտչյանը պատմեց, որ երկու մեքենաների մեջ եղել է 2 ընտանիք` Մեծամոր գյուղից, «մի մեքենան դուրս է եկել գազալցակայանից, մյուսն էլ խփել է»:

Իսկ «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ երեխաները ստացել են գանգուղեղային վնասվածք, ուղեղի սալջարդ, դեմքի վնասվածքներ: 2-ամյա Սամվել Մաթեւոսյանը դեռեւս Վերակենդանացման բաժանմունքում է, իսկ 4-ամյա Միլենա Գարեգինյանը տեղափոխվել է բաժանմունք, ընդհանուր առմամբ` երկուսի առողջական վիճակում էլ առկա է դրական դինամիկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին երեկ` սեպտեմբերի 18-ին իրար են բախվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչներ, 29-ամյա Գագիկ  Մնացականի Մաթեւոսյանի վարած «Վազ 2106» մակնիշի եւ 31-ամյա Իշխան  Հրաչյայի Հովսեփյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:Արդյունքում` 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Բախման  հետեւանքով վարորդները` Գագիկ Մաթեւոսյանը, Իշխան Հովսեփյանը,  ուղեւորներ 4-ամյա Միլենա Գարեգինյանը, 2-ամյա Սամվել Մաթեւոսյանը,  27-ամյա Ռոզա Մաթեւոսյանը, 28-ամյա Էդգար Գարեգինյանը, 20-ամյա Գոռ Հովսեփյանը, 21-ամյա Փայլակ Հովսեփյանը եւ 23-ամյա Ծովինար Մուրադյանը տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: