ԱՄՆ Կատոնի համալսարանի հրապարակած 2012 թ. Տնտեսական ազատության վարկանիշում (Economic Freedom of the World 2012) Հայաստանը զբաղեցնում է 35-րդ տեղը:

Վարկանիշը գլխավորում է  Հոնգ Կոնգը, որին հաջորդում են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Ավստրալիան:

144 երկրների ցանկը եզրափակում են Անգոլան, Կոնգոն, Զիմբաբվեն, Մյանմարը եւ Վենեսուելան: Վրաստանը՝ 42-րդն է, Ադրբեջանը՝ 116-րդը, Ռուսաստանը` 95-րդը։

Հիշեցնենք, որ նախորդ` 2010թ. զեկույցում Հայաստանը 32-րդ տեղում էր:

Ըստ զեկույցի հեղինակների՝ անշեղորեն նվազում է ԱՄՆ տնտեսական ազատության մակարդակը։ 2000թ. ԱՄՆ-ը՝ ըստ տնտեսական ազատության ցուցիչի, աշխարհում 2-րդն է եղել, 2005թ.՝ 8-րդը, իսկ 2010թ.՝ արդեն 18-րդը։

Զեկույցի հեղինակները նշում են, որ ԱՄՆ-ում անկում է արձանագրվում գրեթե բոլոր չափանիշերով, ներառյալ տնտեսության մեջ պետության կշիռը, իրավական համակարգի հուսալիությունը եւ մասնավոր սեփականության պաշտպանությունը, արտաքին առեւտրի ազատությունն ու շուկաների պետական կարգավորումը: Միակ բացառությունը ողջամիտ դրամավարկային քաղաքականությունն է ու «ամուր փողերի» մատչելիությունը։