Թբիլիսիի Գլդանի թիվ 8 բանտում պահապանների կողմից դաժան ծեծի ենթարկված անձանցից մեկը հայ է եղել: Ինչպես հայտնել է վրացական TV9 հեռուստաալիքը, բանտի պահապանները կտտանքների են ենթարկել նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են հայազգի դատապարտյալին կապել ճաղերին եւ տանջում: Վերջինս վրացերենով եւ հայերենով հայհոյում է իրեն տանջողներին: Դատապարտյալի անունը չի հաղորդում:

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 18-ի երեկոյան վրացական Մաեստրո» եւ «Իններորդ ալիք»  հեռուստաընկերությունները եթերում դաժան ծեծի եւ առանձնակի այլասերված ձեւի բռնաբարության ցնցող կադրեր են ցուցադրել` հայտարարելով, որ Գլդանի գաղութում տեղի ունեցածի ողջ տեսագրությունն ունեն: Այն նրանց փոխանցել է բանտի` Բելգիայում գտնվող նախկին աշխատակիցը: «ՏՎ-9»-ի հետ հարցազրույցում նա ասել էր, որ բանտարկյալներին տանջելը կատարվում էր Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայի հրամանով եւ այդ մասին գիտեր պատժամիջոցների իրականացման նախարար  Խաթունա Կալմախելիձեն:

Վրաստանի օմբուդսմենը կոչ է  արել պատասխանատվության ենթարկել վերոնշյալ նախարարներին:

Արդեն այսօր` Վրաստանի պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն հրաժարական է տվել:

Դեպքին անդրադարձել է նաեւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` ասելով. «Այն, ինչ կատարվել է Գլդանի բանտում, վրդովեցուցիչ է` ուղղված մարդու արժանիքների եւ իրավունքների դեմ: Դա կազմակերպողները, կատարողները եւ թույլ տվողները արժանի են ամենախիստ պատժին, եւ նրանք բոլորը կկրեն այդ պատիժը»:

Թբիլիսիում, ինչպես եւ մի քանի այլ քաղաքներում  (Քութաիսի, Բաթում, Փոթի, Զուգդիդի) բողոքի բազմահազարանոց ակցիաներ են տեղի ունենում:

Հ.Գ. Նախազգուշացնում ենք, որ տեսանյութում կան հայհոյանքներ: