Վրաստանում հայ համայնքի վարչության անդամ Ալեքսանդր Օհանյանը արժանահավատ է համարում վրացական TV9 հեռուստաալիքի տարածած տեղեկությունը, ըստ որի` Թբիլիսիի Գլդանի թիվ 8 բանտում պահապանների կողմից դաժան ծեծի ենթարկված անձանցից մեկը հայ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա` շեշտելով, որ այդպես է կարծում, քանի որ տեսանյութի մեջ նա հայերեն է խոսում:
Ալեքսանդր Օհանյանը նշեց, որ իրենք այդ դեպքի եւ դրանում հայի մասնակցության մասին ունեն այն տեղեկությունները, ինչ տարածվել է այդ հեռուստատեսությամբ, սակայն չգիտեն, թե ով էր այդ մարդը:
«Հնարավոր է, որ էլի հայ, ազերի, վրացի կամ ուրիշ ագզի ներկայացուցիչ լինի, ես չեմ կարծում, թե դա զուտ ազգային փոքրամասնությունների կոնտեքստում է, քանի որ այդ բանտարկյալները ավելի կրիմինալ մարդիկ են, որոնք կարծում եմ` ազգային փոքրամասնությունների հարցի հետ կապ չունեն»,- ասաց նա` հավելելով, որ եթե նման բան է տեղի ունեցել, ապա պարզ է, որ դա միանգամյա ակցիա չէ, այլ պրակտիկա է, որը պարբերական բնույթ է կրել:
Իսկ թե ինչ է պատրաստվում անել Վրաստանի հայկական համայնքը այս խնդրի կապակցությամբ, ապա նա նշեց, որ դա ընդհանուր վրացական հասարակության խնդիր է. «Չգիտեմ, թե որքանով ճիշտ կլինի, եթե հիմա հայտարարությունուվ հանդես գանք, մենք վրացական հասարակության մեջ ենք, թեեւ խնդիրը մեզ է վերաբերում, բայց ոչ անմիջապես մեզ, մենք ուղղակի մարդ ենք, Վրաստանի քաղաքացիներ ենք եւ դրանով սահմանափակում ունենք` այդ հարցին մասնակցության: Դա հայ համայնքի խնդիրը չէ, մեր խնդիրների լուծման հարցում հասարակյության ուրիշ մասեր չեն մասնակցում, կարծում ենք` վրացը հասարակությունը կկարողանա լուծի այս հարցը առանց մեր միջամտության»,- ասաց նա:
Նշենք, որ Թբիլիսիի Գլդանի թիվ 8 բանտում պահապանների կողմից դաժան ծեծի ենթարկված անձանցից մեկը հայ է եղել: Ինչպես հայտնել է վրացական TV9 հեռուստաալիքը, բանտի պահապանները կտտանքների են ենթարկել նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են հայազգի դատապարտյալին կապել ճաղերին եւ տանջում: Վերջինս վրացերենով եւ հայերենով հայհոյում է իրեն տանջողներին: Դատապարտյալի անունը չի հաղորդում:
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 18-ի երեկոյան վրացական Մաեստրո» եւ «Իններորդ ալիք» հեռուստաընկերությունները եթերում դաժան ծեծի եւ առանձնակի այլասերված ձեւի բռնաբարության ցնցող կադրեր են ցուցադրել` հայտարարելով, որ Գլդանի գաղութում տեղի ունեցածի ողջ տեսագրությունն ունեն: Այն նրանց փոխանցել է բանտի` Բելգիայում գտնվող նախկին աշխատակիցը: «ՏՎ-9»-ի հետ հարցազրույցում նա ասել էր, որ բանտարկյալներին տանջելը կատարվում էր Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայի հրամանով եւ այդ մասին գիտեր պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն:




























