Կոմիտասի անվան զբոսայգում այսօր` սեպտեմբերի 19-ի երեկոյան, տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման հանդիսավոր արարողությունը, որը մասնակցեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Հանրապետության նախագահը Կոմիտասի թանգարանը նախագծելու առաջարկով հանդես էր եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի մայիսի 30-ին կայացած նիստում:
Համալիրը կունենա թանգարանային մաս, գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն: Զբոսայգում գտնվող նախկին մշակութային պալատի շենքը անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի Կառավարության որոշմամբ տրամադրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: Կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը` սիրիահայ բարերար Գաբրիել Ջամբարջյանի աջակցությամբ: Համալիրի նախագծի հեղինակը ճարտարապետ Արթուր Մեսչյանն է, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ «աշխատել են ստեղծել ապագայի համար հոգեւոր մի կառույց, հոգեւոր մի արժեք, ինչքանով կստացվի, կտեսնենք»:
«Նախագիծը արված է որպես հուշարձան, այսինքն` սա կառույց չէ, շենք չէ, հուշարձան է, որի մեջ կա գաղափար, նպատակ եւ բոլորովին կարեւոր չէ կառույցի տեսքը եւ չափերը, կարեւորն այն է, թե ինչ կլինի այն ավարտից հետո` որպես մշակութային կենտրոն: Շատ ավելի կարեւոր են մարդիկ, ովքեր աշխատելու են այդտեղ: Ինչ վերաբերում է մեզ, մենք շինարար ենք»,- ասաց Արթուր Մեսչյանը:
Նրա խոսքով` Խորեն Հակոբյանի նախագծած մշակութային տանը պետք է կվերակառուցվի եւ վերակառուցումից հետո շինարարը խոստանումէ բավականին որակյալ շենք, որին կավելանա նաեւ նորակառույց, հատվածը եւ եռահարկ շենքի հետ կդառնա մի ամբողջություն:




























