Վրաստանի Գլդանիի բանտում տեղի ունեցածը կանդրադառնա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Վրաստանի միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Ռոնդելին:
Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում 2003թ-ից ընթացող բարեփոխումներին՝ Ռոնդելին նշեց, որ նման դեպքը գրանցվել է բարեփոխումների արդյունքում: «Ցավոք այդպես ստացվեց: Այս պահին կառավարության առջեւ բարեփոխումների արդյունքը վերանայելու խնդիր դրված չէ: Կառավարությունն արդեն կազմալուծել է նախարարությունը, որը պատասխանատու է այս անօրինականության համար»,- ասաց նա:
Ռոնդելիի կարծիքով, սակայն, կառավարության այս որոշումներն արդեն ոչ մի նշանակություն չունեն, քանի որ ժողովուրդը փողոց է դուրս եկել եւ իր բողոքն է արտահայտում:
Ի պատասխան այն հարցին, թե այս դեպքը կարող է իջեցնել իշխանության վարկանիշը, փորձագետը նշեց. «Ամեն ինչ հնարավոր է: Դա կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները առաջիկա օրերին»:
Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ սեպտեմբերի 18-ին հայտարարել էր, որ բանտերում հայտնաբերվել են ազատազրկվածների հետ անմարդկային վերաբերմունքի դեպքեր: Վրաստանում ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկների տասը աշխատակից:




























