Բելառուսն ու Հայաստանը պետք է օգտագործեն հնարավորությունները` առեւտրի ծավալներն ընդլայնելու եւ զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար: Նման կարծիք է հայտնել Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը` սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հողորդում է ԲԵԼՏԱ-ն:
Խաչատրյանն ընդգծել է, որ ԱՊՀ երկրների շարքում Բելառուսը Հայաստանի հետ առեւտրաշրջանառության ծավալով երրորդն է Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո: Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը հունվար-հուլիսին գերազանցել է 25 մլն դոլարը: Հայաստան բելառուսական ապրանքի ներմուծման ծավալն անցած տարվա համեմատ աճել է 51,4%-ով` հասնելով 21,7 մլն դոլարի, իսկ Հայաստանից Բելառուս արտահանումն ավալացել է 61,6%-ով` հասնելով 3,5 մլն դոլարի:
Սակայն դեսպանն այդ աճը ոչ բավարար է համարում. «Չնայած նրան, որ երկու երկրների միջեւ վերջին տարում առեւտրաշրջանառության ծավալն աճել է ավելի քան 1,5 անգամ, ես գոհ չեմ ներկայացված թվերից, եւ մենք պետք է ավելի ակտիվորեն աշխատենք` բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, իսկ բիզնեսը միշտ էլ կգտնի իր շփումները», ասել է Ա. Խաչատրյանը:
Դեսպանը վերջում վստահություն է հայտնել, որ «հայ-բելառուսական կապերը հեռեւողական կերպով կխորանան երկկողմ փոխգործակցության ողջ սպեկտրով»:





























