«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դերակատարուհիներից Սինդի Լի Գարսիան ֆիլմի ստեղծող Նակուլա Բեսլի Նակուլայի դեմ հայց է ներկայացրել խաբեբայության համար: Ըստ նրա` նկարահանաման ընթացքում Նակուլան չի հայտնել ֆիլմի իսկական բովանդակությունը: Սցենարում չի եղել հոգեւոր կամ սեռական բնույթի բովանդակություն:
Սինդին նկարահանման է եկել հայտարարությամբ, որը դերասաններին հրավիրում էր նկարահանվել «Անապատի ռազմիկը» ֆիլմում, որի գործողություններն ընթանում են Եգիպտոսում` վաղ միջնադարում: Արդեն նկարահանումների ավարտից հետո բոլոր երկխոսությունները վերաձայնագրվել են՝ առանց նկարահանման խմբի իմացության եւ համաձայնության:
Ինչպես հայտնում է AP-ն, դերասանուհին հայց է ներկայացրել նաեւ Youtube-ի դեմ: Նրա փաստաբան Քրիս Արմենթան հայտնել է, որ Youtube-ի դեմ հայցը « ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին ուղղումը (խոսքի ազատությունը) փոխելու փորձ չէ, սակայն ներառում է խնդրանք դատարանին արգելելու համացանցում նկար տեղադրելու վերաբերյալ, քանի որ դա նկարահանումներին մասնակից դերասանների իրավունքների խախտում է», գրում է rbc-ն:
Գործի առաջին լսումները տեղի կունենան սեպտեմբերի 20-ի առավոտյան: Հայտնի է, որ Նակուլա Բեսլի Նակուլան եւ Սեմ Բեյսլին նույն մարդն են:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը բողոքի ալիք է բարձրացրել իսլամական աշխարհում: Այն դարձել է Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի մահվան պատճառ:





























