Սեպտեմբերի 19-ի երեկոյան Վրաստանի դատախազությունն սկսել է տարածել Դավիդ Ակոբիայի՝ Գլդանի բանտի դեպքերի մասնակից սպայի ցուցմունքները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ակոբիան բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը նկարահանողներից է: Նրան բռնել են սեպտեմբերի 19-ի առավոտյան հայ-վրացական սահմանը հատելու փորձի ժամանակ:
Ակոբիան պատմել է, թե ինչպես է կապվել Բեդուկաձեի հետ (այդ բանտի նախկին աշխատակից) եւ ինչպես է հանձնարարություն ստացել բանտում գաղտնի նկարահանում իրականացնել, հայտնում է «Գռուզիա օնլայնը»:
Ըստ նրա` օգոստոսի 5-ին իր հետ կապ է հաստատել անվտանգության տեսուչ Բորիս Պարուլավան եւ հանդիպում խնդրել:
Ակոբիան Պարուլավայից տեսախցիկ է ստացել, որն ամրացրել է տաբատին: Օգոստոսի 25-ին նա նկարահանած կադրերը փոխանցել է Պարուլավային, որը դրանք ուղարկել է Բելգիա` Լադո Բեդուկաձեին: Օգոստոսի 28-ին Ակոբիայի հետ կապ է հաստատել Բեդուկաձեն եւ ասել, որ նա պետք է հեռանա աշխատանքից եւ տեղափոխվի իր մոտ: Նրան ճանապարհածախս են տվել, նա պետք է Վրաստանից մեկներ Հայաստան, այնտեղից` Ուկրաինա, այնտեղից էլ` Բելգիա:





























