Սպիտակ տանը ոչինչ չեն լսել սպանված ամերիկյան դեսպան Քրիս Սթիվենսի վերաբերյալ ռուս կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովի արտահայտությունների, ինչպես նաեւ դրանց կապակցությամբ իրենց խիստ արձագանքի մասին: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հանկարծակիի է եկել` այդ մասին լսելով ճեպազրույցի ընթացքում: 

«Ես այդ մասին առաջին անգամ եմ լսում: Ես ոչինչ չգիտեմ այդ մասին, ինձ  ոչ ոք  ոչինչ չի հայտնել», - ասել է Քարնին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Այդպիսով, նա հերքել է ռուսական «Կոմերսանտ» թերթի աղբյուրների տեղեկությունները, որ Զյուգանովին խիստ պատժամիջոցներ են սպասվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին հայտնել էր, որ  ռուս կոմունիստների ղեկավար Գենադի Զյուգանովին սպասվում է խիստ պատիժ Բենգազիում սպանված դեսպանի մասին խոսքերի համար:

Հիշեցնենք, որ Զյուգանովն իր միկրոբլոգում գրել էր, որ դիվանագետին «սպանել էին վերջին շան պես»: Ըստ Զյուգանովի` «լիբիական հեղափոխության գլխավոր մասնագետը» արդյունքում «հնձել է այն, ինչ ցանել է»: