Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն վարդապետյանի նախագահությամբ, սեպտեմբերի 25-ին մեկնարկելու է «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը պայթեցնելու փորձ կատարած, ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Այդ մասին հայտնում է դատական դեպարտամենտի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Սամվելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով՝ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով` (ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 1-ի գիշերը նա զինամթերքով մուտք էր գործել Երեւանի Ավան թաղամասում գտնվող «Հարսնաքար» ռեստորան եւ սպառնացել պայթեցնել այն: Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո Վարդան Սամվելյանը  ձերբակալվել էր եւ տեղափոխվել ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան:

Վարդան Սամվելյանը մայրաքաղաքային գնդի  հրամանատարի տեղակալն է, նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։

Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: