Ռուսաստանի եւ Ղրղըզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալմազբեկ Ատամբաեւի բանակցությունների արդյունքում փաստաթղթեր են ստորագրվել Ղրղըզստանում ռուսական միացյալ ռազմակայանի վերաբերյալ, որոնք ամրագրում են կենտրոնական ասիական տարածաշրջանում ռուսական ռազմական երկարաժամկետ ներկայությունը:

Երկու պետությունների ղեկավարների ստորագրությունները դրվել են Ղրղըզստանի տարածքում ռուսական միացյալ ռազմակայանի պայմանների եւ կարգավիճակի մասին համաձայնագի եւ ռազմական ոլորտում համագործակցության մասին արձանագրության ներքո:

Ղրղըզստանում ռուսական միացյալ ռազմակայանի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2017 թվականից: Այն ստորագրվել  է 15  տարով` հինգ տարով երկարացնելու հնարավորությամբ:

Համաձայնագիրն ու արձանագրությունը կարգավորում են Ղրղըզստանում ռուսական ռազմակայանի օբյեկտների եւ միավորումների տեղակայման հարցեր, դրանց աշխատակարգը, կարգավիճակը եւ վարձավճարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հայտնում է rbc-ն, նախատեսվում է համաձայնագիր ստորագրել նաեւ Ղրղըզստանի պարտքերի կարգավորման մասին` Ռուսաստանի կողմից ավելի վաղ տրամադրված երկու` 188 մլն եւ 300 մլն դոլար վարկերով:

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւի հրավերով մեկնել է Ղրղըզստան: