Թբիլիսիում բողոքի ակցիաները, որոնք սկսվել են Գլդանի բանտում տեղի ունեցած կտտանքների եւ բռնությունների տեսագրությունների ի հայտ գալուց  հետո, շարունակվել են ողջ գիշեր:

Ընդդիմադիր «Վրացական երազանք» շարժմանն աջակցող ուսանողները պահանջել են Ներքին գործերի նախարար Բաչո Ախալյայի հրաժարականը, ով նախկինում ղեկավարել է պատժամիջոցների իրականացման վարչությունը եւ ով համարվում է վրացական բանտերում կտտանքների համակարգի հեղինակը: Սեպտեմբերի 20-ին բողոքի ակցիաները կշարունակվեն:

Ողջ գիշեր Գլդանի բանտի բանտարկյալները հանդիպումներ են ունեցել հարազատների հետ: Վրաստանի նախագահի հրամանի համաձայն, նրանց թույլ է տրվել համոզվել, որ իրենց հարազատները լավ են:

Իր հերթին Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան քննադատել է Գլդանի բանտի դեպքերը: «Միացյալ ազգային շարժման» անունից նա ներողություն է խնդրել այն մարդկանցից, ովքեր ծաղրանքների եւ անմարդկային վերաբերմունքի են արժանացել: