Նվազագույն աշխատավարձը 32,5 հազ. դրամից 72,5 հազ. դրամ բարձրացնելու Հրանտ Բագրատյանի առաջարկն անտանելի կլինի պետական բյուջեի համար:  Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա ներկայացմամբ` ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն հաստատեց Հ. Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

Ըստ ֆինանսների նախարարի՝ նվազագույն աշխատավարձը ննման կտրուկ չափով բարձրացնելու դեպքում ստիպված կլինեն վերանայել պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերը, ինչը լրացուցիչ 360 մլրդ դրամի ծախս կառաջացնի բյուջեում: Բացի այդ, ըստ նախարարի, տնտեսությունում կաճի ստվերային հատվածը:

Հատկանշական է, որ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական գրությունում Հ. Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ավելի մեղմ բնորոշումներ կան, մասնավորապես նշվել է, որ առաջարկը համահունչ է ՀՀ կառավարության քաղաքականությանը:

Նշենք, որ ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը կրկնապատկել 3 տարվա ընթացքում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի