Պետական գնումների համակարգում բացթողումները պայմանավորված են ոչ թե նորմատիվային դաշտով, այլ վարչարարությամբ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանի խնդրանքով ներկայացնելով իրավիճակը գնումների համակարգում: Նախարարի խոսքով՝ ոչ մի նոր կանոնակարգ իրավիճակը չի փրկի:
Վարչապետը պահանջեց ասել, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն: Ի պատասխան՝ Վ. Գաբրիելյանն առաջարկեց աշխատանքից ազատել պետական գնումների աջակցման կենտրոնի ողջ ղեկավարությանը՝ ներառյալ պետին, տեղակալին, ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք անմիջական կազմակերպում են գնումները: Նշենք, որ պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարը Հակոբ Բեգլարյանն է՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը:
Վարչապետը պահանջեց անմիջապես ներկայացնել բոլոր միջնորդագրերն, ու այսօր եւեթ այդ պաշտոնյաներին ազատել աշխատանքից: Այնուհետ Տ. Սարգսյանը հայտարարեց, որ նախարարները անձամբ պատասխանատվություն են կրելու պետական գնումների գործընթացը կազմակերպելու համար:





























