Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հայտնել է, որ 2014 թ-ից հետո Բիշքեկի օդանավակայանում գտնվող ԱՄՆ-ի ռազմաօդային բազան չի լինի:
«Քաղաքացիական օդանավակայանը պետք է քաղաքացիական լինի` Ուղեւորատար եւ բեռնատար չվերթներով, բայց ոչ երբեք որեւէ երկրի ռազմաօդային բազա»,-ասել է Աթամբաեւը` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Ղրղըզստանի ղեկավարը ընդգծել է, որ սկսած 2014 թ-ից «Մանաս» օդանավակայանը բացառապես քաղաքացիական հաստատություն կլինի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում «Ամերիկյան բազայի հարցը չի քննարկվել»:
Ամերիկյան ավիաբազան ստեղծվել է Բիշքեկի միջազգային «Մանաս» օդանավակայանում` 2001 թ-ին եւ ԱՄն-ի համար հանդիսանում է Աֆղանստան բեռների փոխադրման եւ հակաահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հիմնական լոգիստական հանգույցը: Ղրղըզստանի եւ ԱՄն-ի միջեւ ավիաբազայի շուրջ համագործակցությունը գործում է մինչեւ 2014 թ.:
Նշենք, որ սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ղրղըզստան:





























