«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի անկախության օրվա նախօրեին  հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին:

Ընդգծելով, որ մտադրությունը պայմանավորված է Հայաստանում իրավիճակը դեպի լավը փոխելու ցանկությամբ, նա հավելել է, որ հանուն այդ նպատակի պատրաստ է անհրաժեշտության դեպքում հրաժարվել նախագահական մրցապայքարին մասնակցելուց:

Հայաստանի անկախության օրվա առթիվ իր հայտարարությունում Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշեցնելով, որ երկիրը 1991թ.-ից գտվում է շրջափակման մեջ, նշել է, որ այդ ժամանակից ի վեր հանրապետությունում ժողովրդավարական ընտրություններ չեն անցկացվել, եւ Հայաստանը «դե յուրե նախագահի կարիք ունի»: Նոր աշխատակազմը (Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահ ընտրվելու դեպքում) կաշխատի մեկ ժամկետ, եւ չորրորդ նախագահը վերընտրվելու փորձ չի կատարի: Նրա խոսքով` առաջիկա հինգ տարիներին հայ ժողովուրդը Սահմանադրական ժողով կգումարի, կհռչակի խորհրդարանական հանրապետություն, կառանձնացնի իշխանության ճյուղերը եւ նրանց հաշվետու կդարձնի:  Իշխանությունները կպաշտպանեն քաղաքացիների իրավունքները, պաշտոնյաների անձեռնմխելիությունը կվերացվի, կոռուպցիան արմատախիլ կարվի, կդադարեն շահերի բախումները:

Դրան զուգահեռ, Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանում բնակվող ցանկացած մարդու համար, լինի բնիկ հայ թե ազգային փոքրամասնության կամ սփյուռքի ներկայացուցիչ, պետք է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հավասարր իրավունքներ ապահովվեն, նրանք պետք է ունենա նբոլոր իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ` ընտրական իրավունքը, արժանապատիվ կյանքի եւ մահվան իրավունքը:

 «Հայաստանի չորրորդ նախագահը կճանաչի Լեռնային Ղարաբաղը», - հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը իր հաղթանակի համատեքստում: Քաղաքական գործչի խոսքով` Հայաստանում լեգիտիմ իշխանությունների դեպքում 2015թ. ապրիլի 24-ին կարելի է ակնկալել, որ Թուրքիան քաջություն կգտնի եւ կճանաչի իր գործած Հայոց ցեղասպանությունը, Հայաստանն այդ դեպքում կներկայացնի սեփական պայմաններն ու պահանջները: Դրան զուգահեռ, մեր երկրում կտեղադրվի բոլոր այն քրդերի ու թուրքերի հուշարձանը, ովքեր Ցեղասպանության օրերին օգնել են հայերին փրկվել: «Այդ թվում` իմ տատիկին», - նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Իր հայտարարությունից հետո «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հեռացել է` խոստանալով մամուլի բոլոր հարցերին պատասխանել հոկտեմբերի 1-ին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի