ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների առաջնա-հերթություններից է անձնագրային բաժին-բաժանմունքների արդիականացումը, ինչն ուղղված է բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Այս ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 20-ին շահագործման հանձնվեց Անձնագրային եւ վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ բացման արարողությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ`  ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը եւ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, այլ պաշտոնատար անձինք, թաղամասիբնակիչներ:

Արթուր Օսիկյանը բաժանմունքի շահագործման կապակցությամբ շնորհավորեց ներկաներին, եւ շնորհավորանքի առիթն իսկապես լուրջ էր ու ծանրակշիռ:

Շենքային եւ տեխնիկական պայմանները, որ ունեցել էր բաժանմունքը տարիներ շարունակ, պետք է որ հարուցեին թե՛ ծառայողների ու քաղաքացիների դժգոհությունը, թե՛ վայելուչ ու բարեկիրթ սպասարկման սպասումը:

Այսօր իրավիճակն արմատապես այլ է: Բաժանմունքում ստեղծված են բոլոր պայմանները քաղաքացիների որակյալ սպասարկման համար, գործում է տեսադիտարկման ու վերահսկման համակարգ, միջոցներ են ձեռնարկվել հերթերը բացառելու ուղղությամբ, հնարավորություններ են նախատեսված նաեւ կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման համար:

Նորաբաց բաժանմունքում առաջին քաղաքացուն անձնագիր տրամադրելուց հետո սկսվեց առաջին աշխատանքային օրը նոր պայմաններում, իսկ առջեւում հերթական անձնագրային բաժանմունքների բացումն է ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետության այլ քաղաքներում:

Բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ծրագրի իրականացումը շարունակվում է: