Հայաստանում այս օրերին ընթանում է երիտասարդ աստղաֆիզիկոսների միջազգային ամառային դպրոցը: Դպրոցը, որը առաջին տարին չէ, որ անց է կացվում Բյուրականի աստղադիտարանում, բացվել է սեպտեմբերի 17-ին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 22-ը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, դպրոցին մասնակցում են երեք տասնյակից ավելի երիտասարդ աստղաֆիզիկոսներ, ընդ որում, կեսը` արտասահմանից. Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Եգիպտոսից, Լեհաստանից:
Պատանիներն ու աղջիկները ոչ միայն դասախոսություններ են ունկնդրում, այլեւ հնարավորություն ունեն ներկայացնել սեփական աշխատանքները: Դասախոսությունների եւ քննարկումների թեմատիկան շատ ընդգրկուն է, նշել է Հայկ Հարությունյանը: Դպրոցին մասնակցելու համար նաեւ պրոֆեսորներ են հրավիրվել ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հնդկաստանից:
Բյուրականի աստղադիտարանում միջազգային ամառային դպրոցներն անցկացվում են 2006թ.-ից:





























