Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիտարկումները հաստատում են, որ շուկայում թանկացել են հացը եւ ալյուրը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Գնաճը, նրա մեկնաբանմամբ, պայմանավորված է միջազգային շուկայում ցորենի գների աճով, որն էլ իր հերթին հիմնականում հետեւանք է Ռուսաստանում բերքի ծավալների կրճատմամբ: Մասնավորապես՝ Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգստում ցորենի տոննայի արժեքը վերջին տվյալներով 325 դոլար է՝ տարեսկզբի 250 դոլարի համեմատ: Աճը, այսպիսով, 30% է:
Ալյուրի գինը նույն ժամանակահատվածում Հայաստանում բարձրացել է 25%-ով՝ 1 տոննայի 199 հազար դրամից հասնելով ներկայում մինչեւ 247 հազ. դրամի: Ըստ մոնիտորինգի վերջին տվյալների՝ «Ալեքս գրիգի» արտադրած բարձր տեսակի ալյուրի մեկ պարկի մեծածախ գինն արդեն 12,38 հազ. դրամ է (մեկ ամիս առաջ 11,7 հազ. դրամ էր):
ՀՀ ՏՄՊՊՀ-ն թանկացում է արձանագրել նաեւ հացի շուկայում: Սեպտեմբերի 12-ի դիտարկումներով 10 դրամի թանկացում է հաստատվել «մատնաքաշ» եւ «Հրազդան» տեսակի հացերի գնում:
Ըստ Ա. Շաբոյանի՝ հացի շուկայում գերիշխողներ չկան, ի տարբերություն ալյուրի շուկայի, այդ պատճառով հացի շուկայում ՏՄՊՊՀ-ն մշտական վերահսկողություն չի սահմանում: Ինչ վերաբերում է ալյուրի շուկային, այստեղ գերիշխող են «Ալեքս գրիգ» եւ «Մանանա գրեյն» ընկերությունները, որոնց շուկայական վարքագիծը մշտապես գտնվում է ՏՄՊՊՀ-ի վերահսկողության ներքո:





























