Վրաստանի իշխանությունները, այդ թվում` արտգործնախարար Բաչո Ախալայան եւ նրա եղբայրը ընտրություններից մի քանի օր առաջ խոշոր սադրանքներ են ծրագրել: Այդ մասին սեպտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտնել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդներից մեկը` երկրի նախկին երկարամյա օմբուդսմեն Սոզար Սուբարին, հաղորդում է GHN գործակալությունը:
Ինչպես նշել է Սուբարին, ելնելով ստացված տեղեկություններից, խոսքը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` մինչեւ հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները լայնածավալ սադրանք ստեղծելու մտադրության մասին է, որպեսզի պահպանի իշխանությունը:
«Ավելի հստակ, խոսքը Թբիլիսիում մեծ զինապահեստ ստեղծելու մասին է: Մասնավորապես, Բաչո Ախալայան եւ նրա եղբայրը, դեռեւս այն ժամանակ, երբ Բաչո Ախալայան պաշտպանության նախարար էր, Թբիլիսիում ստեղծել էին նման 20 զինապահեստներ: Ըստ մեր տեղեկության` սադրանք իսկապես պատրաստվում է: Կան իրական ապացույցներ, թե ինչպես է ծրագրվում հանցագործությունը, կան ձայնա- եւ տեսագրություններ, որոնցում երեւում է, որ մասնակցում են Բաչո Ախալայան, նրա եղբայրը եւ նրանց հանցախմբի անդամները», - նշել է Սուբարին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայային մեղադրել էին բանտարկյալի բռնաբարության մեջ: Նման աղմկահարույց հայտարարություն էր արել Վլադիմիր Բեդուկաձեն, որը մասնակից է բանտարկյալների տանջանքների մասին տեսագրության տարածմանը: Ըստ Բեդուկաձեի` բանտարկյալ գնդապետ Ալեքսանդր Տետրաձեն մահացել էր բարձրաստիճան պաշտոնյաներ Բաչո Ախալայայի, Մեգիս Կարդավայի եւ Ալեքսանդր Մուխաձեի կողմից բռնաբարության ենթարկվելու ժամանակ: Ինչպես «Օբյեկտիվի» եթերում հայտարարել է Բեդուկաձեն , Բաչո Ախալայան, Մեգիս Կարդավան, Օլեգ Պացացիան եւ Ալեքսանդր Մուխաձեն Ալեքսանդր Տետրաձեին բռնաբարել են ռետինե գավազանով:





























