Հայկական ձուկը ցանկանում են դուրս մղել ռուսական շուկայից: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել այսօր` սեպտեմբերի 20-ին Հայաստանի «Ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը` մեկնաբանելով «Ռոսսելխոզնադզորի» որոշումը, ըստ որի արգելք է դրվել հայկական խոշոր ընկերություններից մեկի` «Ակվատեխավտոմատիկայի» կողմից Ռուսաստան ներմուծվող ձկան նկատմամբ: Արգելքը ուժի մեջ կմտնեի սեպտեմբերի 27-ին:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Ռուսաստանի անասնաբուժական եւ ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայությունը` «Ռոսսելխոզնադզորը», զգուշացրել էր Հայաստանի Գյուղնախարարությանը` 4 ընկերությունների կողմից ներմուծվող ձկան ոչ բավարար վիճակի մասին: Մեր տվյալներով` այդ 4 ընկերություներն են` «Ակվատեխավտոմատիկան», «Դիմիտրին», «Յունիֆիշը» եւ «Գոսը»:
Ինչպես նշել է Աթոյանը, հենց այս ընկերություններն են համարվում Ռուսաստան արտահանող ամենախոշոր ընկերությունները. «Իրականում կասկածի տակ է հայտնվել հայկական ոչ բոլոր ձկնատեսակները, այլ միայն այս 4 ընկերություններինը, սակայն հենց նրանք են հիմնականում ձուկ արտահանում Ռուսաստան: Նրանց գլխավոր շուկան Մոսկվան է` իր մերձակայքով, իսկ այս շրջանում իրար են բախվում բազմաթիվ բիզնես- հետքրքրություններ: Բնական է, որ ինչ որ մեկը ցանկանում է խանգարել հայկական ընկերություններին: Ռուսական շուկայում նրանք մրցակցում են նորվեգական եւ թուրքական ձկների հետ»,-ավելացրել է Աթոյանը:
Նրա կարծիքով, ռուսական շուկայի փակումը կարող է ներքին շուկայում հանգեցնել ձկան ավելցուկի, ինչը գների իջեցման եւ տասնյակ ձկնաբուծարանների փակման պատճառ կարող է դառնալ: Այօրվա դրությամբ Հայաստանի Ձկնաբույծների միավորման մեջ մտնում են 138 ձկնային տնտեսություններ:





























