Իտալիայի գերագույն դատարանը հաստատել է ԿՀՎ-ի 22 գործակալների եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի օդաչուի մեղքը աստվածաբանին առեւանգելու գործում, հայտնում է Reuters-ը: Խոսքը իտալական դատարանի 2009 թվականին հեռակա կարգով կայացրած վճիռների մասին է:
Ամերիկացիներին դատում էին 2003 թվականին Միլանում բնակվող եգիպտացի աստվածաբան Ուսամա Մուսթաֆա Հասան Նասրայի առեւանգման գործով, որը հայտնի է նաեւ որպես Աբու Օմար անունով: Ըստ քննության տվյալների` սկզբում նրան պահել են Իտալիայում ԱՄՆ-ի ռազմակայանում, այնուհետեւ տեղափոխել են Գերմանիայի ռազմակայան, իսկ հետո էլ ուղարկել են Եգիպտոս: Նշվում է, որ նրան կտտանքների են ենթարկել: Հետագայում Աբու Օմարին ազատել են:
2009 թվականին դատարան են կանչվել 26 ամեիկացիներ: 3-ին արդարացրել են` հաշվի առնելով նրանց դիվանագիտական անձեռնմխելիությունը: 22 գործակալներ, նաեւ` օդաչուն, դատապարտվել են 5 տարվա ազատազրկման:
Դատապարտյալները բողոքարկել են, սակայն 2010 թվականին դատարանը մերժել է` խստացնելով պատիժը: ԿՀՎ-ի գործակալները եւ օդաչուն 7-ամյա ժամկետ են ստացել, իսկ հատուկ ծառայության բաժնի նախկին ղեկավարը`9-ամյա:
Բոլոր դատապարտյալները ազատության մեջ են ԱՄՆ-ում: Իտալական կառավարությունը մինչեւ հիմա այդպես էլ չի պահանջել նրանց արտահանձնումը: Ըստ «Ալ - Ջազիրայի»` Գերագույն դատարանի կողմից գործի վերանայման արդյունքներից ելնելով, իտալական նախարարությունն, այնուամենայնիվ, պետք է արտահանձնման հայտ ներկայացնի: Մինչդեռ Վաշինգթոնում հասկացրել են, որ դրան մերժմամբ կպատասխանեն, հայտնում է Lenta.ru-ն:





























