Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի մեծագույն տոներից մեկն է:Մինչ այժմ այն սխալմամբ կոչվում է Անկախության տոն, իրականում դա Ինքնորոշման տոնն է, բայց լինելով հայ ժողովրդի առաջին հավաքական մասնակցության միջոցառումը իր ճակատագրին,մնում է մեր ազգի կարեւորագույն տոներից մեկը: Այդ մասին` սեպտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսում ասաց ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:
«Այս տոնը մի նոր էջ բացեց մեր կյանքում , ոչ թե այն պատճառով, որ անկախություն ձեռք բերեցինք ,այլ որ պետականություն ստացանք ժողովրդի հավաքական կամքով, եւ եթե հետագայում ունեցել ենք ոչ ազգային շահերով առաջնորդվող ղեկավարներ, նրանք մշտապես կաշկանդված են եղել սեպտեմբերի 21-ի հանրաքվեից, քանի որ եթե չլիներ սեպտեմբերի 21-ը, այլ միայն անկախության հռչակագիրը, ապա հնարավոր կլիներ մեկ այլ Ազգային ժողովով դրան հակասող որոշում ընդունել»,- ասաց նա:
Հայրիկյանը նշեց, որ այս տարի հատուկ ուշադրություն են դարձնելու տոնի հեղինակներին ու եթե սեպտեմբերի 21-ը կարեւորագույն տոն է, ապա պետք է հարգալից վերաբերնունք դրսեւորել այն մեզ նվիրողներին, ուստի նախատեսվում է այցելել Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի շիրիմներին: «Հավատացած եմ , որ մենք չենք մնալու երախտամոռների, ուտող ուրացողների սերունդ, վերջապես ունենալու ենք արժանի իշխանություններ: Հակասություններ կան մեր երազների ու իրականության մեջ: Նոր ձեւավորվող պետության ղեկավար դարձան նրանք, ովքեր ոչ մի կապ չունեին անկախության գաղափարի հետ: Շատ ծանր պայմաններում ենք պետականություն կայացրել` ի հեճուկս օրվա իշխանավորների: Անկախ Հայաստանը այլ երեւույթ է, քաղաքական իշխանավորի պահվածքը` այլ»,- ասաց նա:
Հարցին` թե ինչպիսի զարգացումներ կլինեն առաջիկա նախագահական ընտրություններին, նա հայտնեց , որ բնականոն է համարում Հայաստանի բոլոր չափահաս քաղաքացիների առաջադրումը, ու եթե քաղաքական ուժերը միավորվեն ինչ որ բարձր գաղափարի շուրջ եւ ներկայացնեն միասնական ծրագիր, ապա մեր ժողովուրդը կունենա այնպիսի ընտրություն ու այնպիսի նախագահ ինչպիսին ուզում է. «Եթե օգտագորժվի դրամը ու իշխանական լծակները, ապա կլինի անցյալի կրկնությունը»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























