«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին այս տարի առաջին անգամ կմասնակցի Կորեայի հանրապետության Առեւտրաարդյունաբերական պալատի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ): կորեական պատվիրակությունը կներկայացնի իրենց երկրի տեխնոլոգիական վերջին ձեռքբերումներն ու լուծումները: 

«Ցուցահանդեսը մի շարք կարեւոր խնդիրներ է լուծում. նախ` Հայաստանը դրսում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր, բացի այդ, ցուցահանդեսն ունի ներդրումների ներգրավման նպատակ»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նշենք, որ ցուցահանդեսի միջոցով հայկական շուկա են մուտք գործել նաեւ «Նեյշնլ Ինսթրումենթս», «Միցուբիշի Էլեկտրիկ», «Կրոնե», «Սինգապուր թեքնոլոջիս» (ի դեմս «Սինգապուր կինետիքսի»), «ST Kinetics», ACC եւ այլ խոշոր ընկերություններ։ 

Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի ԴիջիԹեքը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը, նոր վայրում` «Երեւան Էքսպո» կենտրոնում, որը գտնվում է Մերգելյան ինստիտուտի տարածքում: