Ադրբեջանում տեղի ունեցող լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց մեջ ընդգրծված են ռազմածովային ուժերը, վկայում են այն մասին, որ Բաքուն ղարաբաղյան հարցը օգտագործում է այլ նպատակներ թաքցնելու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փարձագետ Արկադի Գրիգորյանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, ըստ որի ուսումնավարժանքների մեջ ներառված են բոլոր զորատեսակները` ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային:
«Թատերաբեմը պատահական չի ընտրված: Ռազմածովային ուժերի մասնակցությունը խոսում է այն մասին, որ կասպիական ուղղվածությունը առաջնային է»,-կարծում է փորձագետը: Նրա խոսքով, շատ հնարավոր է, որ Ադրբեջանը արեւմտյան գործընկերների հետ բանակցությունների ժամանակ ինչ-ինչ խոստումներ է տվել իրանական հարցի վերաբերյալ` որպես պատասխան որոշ խոստումներ ստանալով այսպես կոչված Հարավային Ադրբեջանի վերաբերյալ: Ադրբեջանի համար առաջնային է նաեւ Թուրքմենիան, ինչը պայմանավորված է նավթային պաշարներով:
«Ադրբեջանը առաջին տարին չէ, որ զինվում է եւ դա անում է ղարաբաղյան հարցի լուծման անվան տակ: Միաժամանակ «վիրավորված տեսք է ընդունում»` իբր ադրբեջանական ժողովուրդը պահանջում է, ժողովուրդը զայրացած է «անարդարությունից»: Իրականում Ադրբեջանը ղարբաղյան հարցի անվան տակ այլ նպատակներ է հետապնդում»,-նշել է փորձագետը:
Ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը իրեն գերտերություն է երեւակայում, որը պատրաստ է գործել բոլոր ճակատներով եւ ուղղություններով` Իրանից եւ Թուրքմենիայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:




























