Սահմանապահ «Արքանքերգեն» ուղեկալում զոհվածների հարազատները դիակների արտաշիրմում են պահանջում: Այդ մասին Ալմաթիում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ծառայակիցների սպանության մեջ մեղադրվող Վլադիսլավ Չելախի պապ Վլադիմիրը:
Նրա խոսքով` նման պահանջ ներկայացնող ծնողները վստահ չեն, որ իրենց զավակներին են թաղել: Այժմ զոհերի հարազատները մտադիր են մնացորդների անկախ փորձաքննություն անցկացնել` զոհերի ինքնությունը ճշտելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Չինաստանի սահմանի մոտ գտնվող «Արքանքերգեն» ուղեկալի միջադեպը տեղի էր ունեցել մայիսի վերջին: Այն գտել էին այրված, իսկ զինվորականներին` մահացած (հայտնաբերվել էր 14 մարմին): Բացի դրանից, ոչ հեռու գտնվող որսորդական տնակում հայտնաբերվել էր որսորդի դիակը:
Հունիսի 4-ին հայտնի էր դարձել միակ ողջ մնացած սահմանապահ Վլադիսլավ Չելախի ձերբակալման մասին, որը հետագայում խոստովանել էր սպանությունը: Նա մեղսունակ էր ճանաչվել, սակայն հոգեբուժական փորձաքննության ավարտից հետո հրաժարվել էր պետական պաշտպանից եւ փոխել էր ցուցմունքները: Չելախը հայտարարել էր, որ սպանության խոստովանությունն իրենից կորզել են բռնաբարության սպառնալիքով, իսկ իրականում ուղեկալի վրա հարձակվել էին անհայտ անձինք:
Սահմանապահ ուղեկալում 14 սամանապահներից 11-ի մարմինները հանձնվել էին հարազատներին դեռեւս հունիսի 9-ին: 3 մարմնի ինքնությունը պարզել չէր հաջողվել: Մնացորդներն ուղարկել էին Գերմանիա փորձաքննության: Արդյունքները մինչ այժմ հայտնի չեն, հայտնում է «lenta.ru»-ն:
Փորձագետների ձգվող լռությունը, ինչպես նաեւ Չելախի գործում անհամապատասխանությունները զոհվածների հարազատների շրջանում կասկած է հարուցել, որ իրենց կարող էին թաղման համար օտար մարդկանց մարմիններ տրամադրել:





























