Իսլամական համագործակցության կազմակերպությունը  (ԻՀԿ) հայտնել է  սրբապղծությունն արգելող միջազգային օրենք ընդունելու մասին առաջարկ ներկայացնելու իր մտադրությունը:

ԻՀԿ-ի գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուն կարծում է, որ «միջազգային հանրությունը պետք է դադարի խոսքի ազատության մասին հռետորաբանության հետեւում թաքնվելուց»: «Խոսքի ազատության դիտավորյալ, պարբերական, ոչ ճիշտ նշանակությամբ օգտագործումը սպառնում է համաշխարհային կայունությանը եւ անվտանգությանը», - հայտնել է Իհսանօղլուն, գրում է Reuters-ը:

ԻՀԿ-ին կից մարդու իրավունքների հանձնաժողովն աջակցել է իր առաջնորդին. «Ամբողջ աշխարհում մահմեդականների նկատմամբ անհանդուրժողականության աճը վկայում է լրատվամիջոցների համար վարվեցողության միջազգային կանոնների ստեղծման անհրաժեշտության մասին, որոնք կարգելեն ատելություն հրահրող տեղեկատվության տարածումը»:

Իր հերթին, ինչպես հայտնում է rbc-ն,  Ժնեւում գտնվող եւ քրիստոնեության տարբեր ճյուղերը միավորող Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) նման օրենսդրությանը դեմ է հանդես եկել:  Ըստ կազմակերպության ներկայացուցիչների` միջազգային  առումով նման  օրենքը կաշխատի իսլամի օգտին եւ կհանգեցնի հոգեւոր անհանդուրժողականության աճին, ինչպես որ այժմ տեղի է ունենում Պակիստանում, որտեղ քրիստոնյա աղջկան սուտ մեղադրել էին  սրբապղծության մեջ եւ ցանկացել էին մահապատժի ենթարկել: ԵՀԽ-ն կոչ է արել Պակիստանին  վերացնել սրբապղծության համար մահապատիժը:

ԻՀԿ-ն օրենքի մասին հիշել է ամերիկյան «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի առնչությամբ, ինչպես նաեւ Մուհամեդ մարգարեի նոր ծաղրանկարների պատճառով: Հիշեցնենք, որ ամերիկյան ֆիլմի հրահրած անկարգությունները հանգեցրել են մարդկային զոհերի:  Բենգազիում զոհվել է Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսը: