«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված խախտումների դեպքերով 2012թ. հունիսի 22-ին հարուցված քրեական գործով ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը, ով կասկածվում է պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական կեղծիք կատարելու եւ լիազորությունները չարաշահելու մեջ ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Մինչ այդ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2012թ. հունիսի 22-ին հարուցվել էր քրեական գործը, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության` ՀԿԳ վարչությանը: Նույն գործի շրջանակներում կալանավորվել է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿ ՊԿ-ի Դիլիջանի սպասարկման գրասենյակի ղեկավար Է. Առաքելյանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ: Է. Առաքելյանը 1999թ. սեպտեմբերի 29-ից մինչեւ 2010թ. հունվարի 19-ը ղեկավարել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սեւանի ստորաբաժանումը: Ըստ նախաքննական մարմնի Է. Առաքելյանը, 2007-2009թթ. «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում, պաշտոնեական փաստաթղթերում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում կեղծիքներ, ակնհայտ կեղծ տեղեկություններ, հետին ամսաթվով գրառումներ կատարելու միջոցով մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անվամբ ապօրինի գրանցել է «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, տրամադրել իրավունքի պետական գրանցման վկայականներ:




























