NEWS.am-ը որոշ կրճատումներով մեջբերում է  «The Bug Pit» բլոգի հեղինակ Ջոշուա Կուչերի հոդվածը, որը հրապարակվել է   «EurasiaNet.org» կայքում.

ՀԱՊԿ-ն ավարտել է իր ամենամյա զորավարժությունները, որոնք այս տարի անցկացվել են Հայաստանում, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղարն ասել է, որ հարկավոր է Կենտրոնական  Ասիայում ստեղծել սեփական զինված ուժերը, այդ թվում` ռազմաօդային: Սակայն Կովկասում բարձր լարվածության պայմաններում զորավարժությունները զուսպ են եղել:

Այդքան էլ շատ բան չի ասվել «Փոխգործակցություն - 2012» զորավարժությունների սցենարի մասին: Այս զորավարժությունների ծավալն ավելի փոքր էր, քան նախորդ տարիներին` շուրջ 2000 մարդ` համեմատած նախորդ տարվա 24 հազարի հետ:

Հետաքրքիր ժամանակ էր Հայաստանում զորավարժություններն անցկացնելու համար` Հունգարիայում հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ ազատություն ստանալուց հետո բարձր լարվածության  պայմաններում: Մտավախություն կար` կգա արդյոք ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնության Լեռնային Ղարաբաղում պատերազմի դեպքում: Հայաստանը փաստորեն զորավարժությունների սկիզբը մեկ շաբաթով տեղափոխել էր` սեպտեմբերի 8-15-ը: Հետաձգման համար ոչ մի բացատրություն չէր տրվել,   բացի նրանից, որ այն կապված էր «տեխնիկական պատճառների հետ», սակայն մանրուք չէ մի քանի երկրների մասնակցությամբ ռազմական զորավարժությունները վերջին րոպեին տեղափոխելը: Հետաձգելու վերաբերյալ հայտարարությունն արվել էր օգոստոսի 30-ին, իսկ հաջորդ օրը Սաֆարովն ազատվել էր: Կապ կա՞ր արդյոք

Ներումից հետո Նիկոլայ Բորդյուժան քննադատեց Ադրբեջանին` հարուցելով Բաքվի զայրացած արձագանքը: ԼՂՀ-ի դե ֆակտո պաշտպանության նախարարը ներկա էր զորավարժություններին:

Հայ եւ ադրբեջանական կողմերը համեմատաբար լուռ էին, ոչ մեկը առաջ չէր քաշում հակամարտությանը  ՀԱՊԿ-ի ներգրավվածության գաղափարը:

Բորդյուժան առաջարկեց ստեղծել ՀԱՊԿ-ի զինված ուժեր, «որը կմիավորի գործող բոլոր բաղադրիչները», այդ թվում` օդուժը, որը կարող է ստորաբաժանումներն ու անձնական կազմը տեղափոխել հակամարտության գոտիներ»:

Առայժմ հստակ չէ, թե դրանից ինչ կբխի եւ, հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ի առաջարկների եւ գործողությունների հարաբերակցությունը բավական բարձր է, առայժմ պետք չէ շատ բուռն արձագանքել դրան: Սակայն սա, անշուշտ, մատնանշում է Կենտրոնական Ասիայի, եթե ոչ Կովկասի անվտանգության ոլորտում ավելի ակտիվ դեր ստանձնելու Ռուսաստանի ցանկությունը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի