Թբիլիսիի Գլդանի թիվ 8 բանտում պահապանների կողմից դաժան ծեծի ենթարկված հայի ինքնությունը դեռ հայտնի չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը։

Նա նշեց, որ անպայման դիմելու են իրավապահ մարմիններին եւ փորձելու են կարճ ժամանակում իմանալ նրա անուն-ազգանունը: Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ աղմկահարույց տեսանյութի առնչությամբ այժմ Վրաստանում վիճակը շատ սրված է, ցույցեր են կազմակերպվում, նախարարներ են պաշտոնանկ արվում եւ ամեն րոպե իրավիճակը կարող է փոխվել:

Նրա խոսքով` հայկական համայնքի անդամները ակտիվ են Վրաստանում կազմակերպվող բողոքի ակցիաներում. «Ժամանակն է, որ մենք բոլորս մեր քաղաքական դիրքորոշումը արտահայտենք` որպես  այս երկրի քաղաքացիներ, քաղաքական պրոբլեմ է այդտեղ, մենք որպես քաղաքացիներ պետք է մեր ձայնը բարձրացնենք, նշանակություն չունի` հայկական համայնք է, թե ինչ»,- ասաց նա:

Միեւնույն ժամանակ,  «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահը նշեց, որ Վրաստանի իշխանամետ հայկական կազմակերպությունները շատ վախեցած են, ակտիվ չեն այս հարցերում, շատերը մտածում են, թե իրենց գործը չի, «նրանք ակտիվ չեն կարող լինել, որովհետեւ քաղաքական դիրք չունեն»:

Հարցին, թե արդյոք Թբիլիսիի Գլդանի թիվ 8 բանտում ուրիշ հայեր է՞լ են կտտանքների ենթարկվել, թե՞ ոչ, նա նշեց, որ տեղեկություններ չունեն:  «Մենք ոչ մի նշանակություն չենք դարձնում մարդու ազգությանը, այնտեղ, ինչպես երեւում է, ոչ թե ազգային փոքրամասնությունների, այլ մարդու իրավունքների խնդիրն է: Հայկական համայնքը ընդհանրապես կապ չունի, այդտեղ էթնիկ խնդիրներ չկան, մարդու իրավունքների խնդիրներն են, բայց դա չի նշանակում, որ դրանից մեր համայնքի ներկայացուցիչները չեն տուժում»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:

Նրա փոխանցմամբ` իրենք  իրենց ստորագրությունն են դրել մի քանի դիմումների տակ եւ պահանջում են կատարվածի բաց քննարկում կազմակերպել, իմանալ  անունները եւ ուրիշ փաստեր, մի քանի նախարար եւս պաշտոնանկ անեն: Նրանք նաեւ պահանջում են, որ միջազգային կազմակերպությունները եւ օմբուդսմենը միջազգային ատյաններում ներկայացնեն այդ խնդիրը:

Նշենք, որ Թբիլիսիի Գլդանի թիվ 8 բանտում պահապանների կողմից դաժան ծեծի ենթարկված անձանցից մեկը հայ է եղել: Ինչպես հայտնել է վրացական TV9 հեռուստաալիքը, բանտի պահապանները կտտանքների են ենթարկել նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են հայազգի դատապարտյալին կապել ճաղերին եւ տանջում: Վերջինս վրացերենով եւ հայերենով հայհոյում է իրեն տանջողներին: Դատապարտյալի անունը չի հաղորդում:

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 18-ի երեկոյան վրացական Մաեստրո» եւ «Իններորդ ալիք»  հեռուստաընկերությունները եթերում դաժան ծեծի եւ առանձնակի այլասերված ձեւի բռնաբարության ցնցող կադրեր են ցուցադրել` հայտարարելով, որ Գլդանի գաղութում տեղի ունեցածի ողջ տեսագրությունն ունեն: Այն նրանց փոխանցել է բանտի` Բելգիայում գտնվող նախկին աշխատակիցը: «ՏՎ-9»-ի հետ հարցազրույցում նա ասել էր, որ բանտարկյալներին տանջելը կատարվում էր Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայի հրամանով եւ այդ մասին գիտեր պատժամիջոցների իրականացման նախարար  Խաթունա Կալմախելիձեն: