Սեպտեմբերի 20-ին Հայաստան ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ օդանավակայանում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, փոխդիվանապետ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, Տ. Սամվել աբեղա Մխիթարյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա Մայր Տաճարում կատարվեց միասնական գոհաբանական աղոթք:
Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի աշխատանքներին համատեղ մասնակցության համար` կարևորելով Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը և մարդկային կյանքում նման ոճիրների կանխարգելմանն ուղղված ջանքերը, որպեսզի լուծում գտնի մեր ժողովրդի արդար դատը, որ հարյուրամյակ շարունակ յուրաքանչյուր հայորդու պայքարն է դարձել:
Գարեգին Բ Կաթողիկոսը նաև ցավով անդրադարձավ Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին շնորհված ներման իրողությանը, ինչպես նաև Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններին, որոնց զոհ են դառնում բազմաթիվ անմեղ քաղաքացիներ:
Այնուհետև Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իր այցին անդրադարձավ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:
Խոսելով վերջին շրջանում ազգային կյանքը հուզող երևույթների մասին` Արամ Ա Կաթողիկոսը մասնավորապես ասաց. «Երբ Ադրբեջանը, բարոյական, իրավական, քաղաքական, մարդկային ամեն տեսակ օրենք ու հասկացողություն մի կողմ դնելով, փառքով ու պատվով ընդունեց ոճրագործին, մեր Եկեղեցին պետության կողքին եղավ, մեր Եկեղեցին չէր կարող անտարբեր լինել: Երբ սիրիահայությունն այսօր տագնապի է մատնված, մեր Եկեղեցին անտարբեր չմնաց: Եվ ահավասիկ, երբ մենք գտնվում ենք ցեղասպանության հարյուրամյակի շեմին, Եկեղեցին չի կարող լուռ ու հետևողի դերի մեջ լինել: Մեր պետության հետ միասին մենք անելիք ունենք»:
Վերջում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մաղթեց, որ միշտ շեն ու պայծառ մնա Մայր Աթոռ Սբ Էջմիածինն իր միաբանությամբ ու բոլոր կառույցներով:
Արարողությունն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ ու միասնական տերունական աղոթքով:





























