Մերձմոսկվայի Իստրայի շրջանում երկու ուսանողուհիների բռնաբարության եւ սպանության գործով հիմնական մեղադրյալ Վադիմ Գրիգորյանին մեղսունակ են ճանաչել: Այդ մասին պաշտոնական հայտարարություն է արել քննչական կոմիտեի ներկայացուցիչը:

Դատահոգեբուժական փորձաքննության տվյալներով, Վադիմ Գրիգորյանն իրեն մեղսագրվող արարքի ժամանակ լիովին հասկացել է դրանց հանրային վտանգավորությունը: Դատարանը նրա կալանքի ժամկետը երկարաձգել է մինչեւ հոկտեմբերի 14-ը:

Նշենք, որ հուլիսի 14-ին Իստրայի շրջանի Կուչի գյուղի մոտ` անտառում գտել էին երկու աղջիկների դիակներ: Նրանց երկուսին էլ խեղդել էին:

Քննիչները տաք հետքերով գտել են կասկածյալին: Նա Մոլդովայի բնակիչ, 24-ամյա Վադիմ Գրիգորյանն է: Նա իր մեղքը չի ընդունում, սակայն դատաբժշկական փորձաքննության տվյալներով, հաստատվել է, որ մեղսակից է բռնաբարությանն ու սպանությանը: Այժմ իրավապահները պարզում են Գրիգորյանի մեղսակցությունը այլ հանցագործություններին: